×


«ՌեԱնիմանիա 2019». Երեւանում անիմացիոն ֆիլմերի շաբաթ է


«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի բացումը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ազդարարվեց Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմով։



Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ եւ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում:


Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ այս տարիների ընթացքում գրանցած հաջողությունները բազմաթիվ են, բայց հիմնականը միջազգային մասնագետների կողմից փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն է:

Վրեժ Քասունին



«Երեւանում ներկայանալու եւ միջազգային հարթակներում Հայաստանը «ՌեԱնիմանիա»-ի միջոցով ներկայացնելու փաստը մեծ հաջողություն է։ Երկու տարի առաջ մենք ստեղծեցինք մի հարթակ, որը կոչվում է «Վերամիավորում» (ReUnion): Այն աջակցում է միջազգային մասնագետներին, որ իրենց հաշվին գան Հայաստան, այսինքն՝ մենք տրամադրում ենք կեցության ծախսը, իսկ իրենք հոգում են ճանապարհածախսը։ Արդեն ունենք տասը մասնագետ, որոնց ոչ թե մենք ենք հրավիրում, այլ իրենք են ուզում ներկա լինել փառատոնին, ներկայացնել իրենց ֆիլմը, մասնակցել դասընթացներին եւ կապ ստեղծել տեղի մասնագետների հետ։ Վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ արդեն հարյուրից ավելի մասնակիցներ կցանկանան ներկա լինել «ՌեԱնիմանիա»-ին»,-նշել է Վրեժ Քասունին:


Նա հավելել է, որ Հայաստանը հետաքրքիր է արտերկրի անիմատորների համար, բայց ձեւավորված շուկա, որպես այդպիսին, դեռեւս չունենք. «Ձգտում ենք այդ շուկան ստեղծել, զարգացնել։ Եթե ասենք՝ շուկա ունենք, ապա ինքնախաբեությամբ կզբաղվենք, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Փառատոնը հայ եւ արտերկրի անիմատորների համագործակցության հարթակ է։ Անցյալ տարի մենք ծրագրեր զարգացնելու հատուկ նախագծեր ունեինք, որոնց արդյունքում երկու ֆիլմի նախագիծ եվրոպական պրոդյուսերների հետ համաարտադրվելու հնարավորություն ունեցան, հիմա ընթացքի մեջ են»։

11-րդ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը



Այս տարի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի անվանակարգում կմրցակցեն չորսը՝ «Քաբուլի ծիծեռնակները», «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը» եւ «Հեռու»-ն։


Փառատոնի ֆիլմերի համադրող Դիանա Մարտիրոսյանը նշել է, որ այս նախագծերը համարվում են տարվա ամենամեծ, ամենահավակնոտ ֆիլմերը.«Ֆիլմերի թվաքանակը մեծ չէ, եւ չես կորի այդ քանակի մեջ, ինչը հաճախ լինում է մեծ փառատոնների ժամանակ, օրինակ՝ Վենետիկում, Բեռլինում, Կաննում։ Հայաստանում մարդիկ հասկանալի պատճառներով չեն գնում Կանն՝ այս ֆիլմերը դիտելու, իսկ մենք դրանք տարբեր հարթակներից բերում ենք Երեւան, ինչը նաեւ «Ոսկե ծիրան»-ի պարագայում է լինում։ «ՌեԱնիմանիա»-ի ժամանակ կարելի է դիտել մի քանի լիամետրաժ ֆիլմ եւ պատկերացում կազմել շուկայի մասին»։


Փառատոնի ընթացքում Հայաստանը «Հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմեր» մրցութային անվանակարգում ներկայացնում է անիմացիոն «Yelling Studio»-ն՝ «Քուչա» ֆիլմով, իսկ երաժշտական հոլովակների մրցութային անվանակարգում՝ Հասմիկ Մխչյանը «Օրերի հուշը», Վերոնիկա Ստեփանյանը եւ Լուսինե Պետրոսյանը «Սերունդները երաժշտության մեջ» եւ Դավիթ Ասատրյանը «Անկյուն» ֆիլմերով։

11-րդ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը



Դիանա Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդ անիմատորների աշխուժությունը պայմանավորված է ոչ միայն փառատոնի կազմակերպած դասընթացներով, այլեւ առկա կրթարաններով.«Պետք է փաստենք, որ մենք ունենք դպրոցներ, որոնք պատրաստում են մասնագետների, եւ այս պահին առաջընթաց կա նորարարական տեխնոլոգիաների, դիզայներների եւ իլյուստրատորների շրջանակում»։


Բացման ժամանակ «ՌեԱնիմանիայի հավերժության նշան» հատուկ մրցանակը շնորհվեց Սերգեյ Սմբատյանին՝ նախորդ տարի հոբելյանական «ՌեԱնիմանիա» 10-րդ փառատոնին մասնակցության համար։


Հայաստան է ժամանել «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը, որի ֆիլմը 2017թվականին ցուցադրվել էր «ՌեԱնիմանիա»-ի շրջանակում: Ֆիլմը նորարարություն էր անիմացիայի ոլորտում, քանի որ անիմացիոն արտիստները ֆիլմը ստեղծելու համար նկարել են յուղաներկով եւ օգտագործել հենց Վան Գոգի նկարչական տեխնիկան։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի վավերագրական ֆիլմ այս անիմացիոն ֆիլմի ստեղծման մասին։

11-րդ «ՌեԱնիմանիա»-ի բացմանը



Փառատոնի շրջանակում կիրականացվի նաեւ հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ եւ հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:


«ՌեԱնիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, առկա է կարմիր կլոր խորհրդանիշ: Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում եւ աշխատակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: Փառատոնի այս քայլը հարգանքի տուրք է՝ ի հիշատակ գործընկերների, ովքեր դարձան այս պատահարի անմեղ զոհերը:



BRAVO.am

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին